Մարինե Պետրոսյան
ավազների մեջ որ թաց էին լացելու չափ
մեկը կանգնել ու օվկիանոսի աղմուկի մեջ
ձեռքերը թափահարելով ցույց էր տալիս դեպի վեր
դեպի հեռվում հազիվ երեւացող առանձնատունը
ու ես հասկացա ինքն ինչ էր ասում
ասում էր էս ա տունը որ փնտրում էիր
շատ վաղուց փնտրում էիր թե՞ արդեն մոռացել ես
չեմ մոռացել ասեցի բայց ինչո՞ւ էսքան սրտակեղեք
ինչո՞ւ օվկիանոս ինչո՞ւ էսքան տխմար սիրուն
ոնց որ կյանքը երկրորդ անգամ սկսվի
որպես լատինաամերիկյան սերիալ
ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԸ ՉԿԱՅԻՆ
մութն ընկել էր լույսը վառեցի
բայց լույսը չվառվեց
պատուհանը բացեցի դրսում
ամեն ինչ իրա տեղում էր
մենակ դիմացի հինգհարկանիի
առաջին հարկի սենյակները չկային
ավելի ճիշտ սենյակները երեւի կային
պատուհանները չկային
ու ես վախեցա չնայած լավ չէի հասկանում
ինչից եմ վախենում
հետո լույսը վառվեց
բայց պատուհանները առաջվա պես չկային
ՈՒՐԱԽ ԴԱՇՏԵՐ ԿԱՆԱՉ ԱՐԵՎԻ ՏԱԿ
երազումս տեսա ուրախ դաշտեր կանաչ արեւի տակ
զգում էի որ շուրջս մարդիկ կան բայց ոչ ոք չէր երեւում
հետո գետը սկսեց հոսել մինչեւ էդ կանգնած էր
հանկարծ սկսեց հոսել ու դաշտերը վերացան
բայց ամեն ինչ առաջվա պես կանաչ էր ու մարդիկ կային
բոլորը կային բայց սարսափելի կանաչ լույսի մեջ
արդեն երբեք արդեն երբեք
չէին երեւում
ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՇԱՏ ՊԱՅԾԱՌ
հետո մութն ընկավ եւ մութի մեջ դժվար դարձավ
փնտրել ճանապարհը որովհետեւ բոլոր գյուղերը
նման էին իրար եւ անուններ չունեին բացարձակ
իսկ գետը մեկն էր բայց կեսից ընդհատվեց
ու դիմացից հայտնվեց քաղաքը մեծ որ մեր փնտրածը չէր
հաստատ բայց շողշողում էր լույսերի մեջ շատ պայծառ
հետո ճանապարհը կտրուկ շուռ եկավ ձախ
ու երեւաց ծովը որ տաս րոպե առաջ
մեր քարտեզի վրա ընդհանրապես չկար
ՍԻՐՈՒՆ ՈՒ ԱՆՆՊԱՏԱԿ
հոգնել եմ ընդհատվող տողերով
բանաստեղծություն գրելուց
ուզում եմ
ոնց որ առաջ էր
բառերը հոսելով գան գետի նման
ու հետները բերեն
չգիտես որտեղից
առարկաներ որոնց անունը չգիտեմ
առարկաներ որոնք անանուն ջրերի մեջ
փայլում էին սիրուն ու աննպատակ
իսկ ես բռնեցի իրանց
նոր անուններ տվեցի
ու իրանք սկսեցին ապրել
իմ գրածի մեջ
նորից
ԴԱՇՏԱՅԻՆ ԾԱՂԻԿՆԵՐ
օգոստոս երեւան մեռյալ սեզոն
բայց ամառը սրա հետ կապ չունի
մեռյալ սեզոնը սկսվել ա վաղուց
ու նման ա դաշտային մանր ծաղիկներին
որ ընկնում են ոտքիդ տակ բայց դու չգիտես
ինչ ա դրանց անունը ու որ հարցնում ես
ոչ ոք էլ չգիտի
չգիտեմ ինչու հիշեցի դաշտային ծաղիկները
էս անկապ սրճարանում նստած
երեւի որովհետեւ շոգ ա ու հոգնած եմ շատ
կամ էլ որովհետեւ դաշտային ծաղիկները
միակ հիշությունն են աստծո մասին
որ չկա վաղուց բայց թողել ա իրանից
հիշատակ
ՆՍՏԵՑԻ ՈՒ ԼԱՑ ԵՂԱ
անտառ
շատ մեծ
շատ թավուտ անտառ
էդ տեսակ անտառ հայաստանում կարծեմ չկա
ձայն էր լսվում
ոչ մարդու ձայն էր
ոչ էլ մարդու հնարած ձայն
երբ որ քայլում էի գետին ընկած տերեւների վրայով
ընդհատվում էր
երբ որ անշարժանում էի
ձայնը նորից կար
հանկարծ զգացի որ հասկանում եմ
նստեցի տերեւների վրա ու լաց եղա
որովհետեւ ձայնը իմ մասին էր
չնայած ոչ մարդու ձայն էր
ոչ էլ մարդու հնարած ձայն
ԽՆԴՐԱՆՔ
ամեն կողմ ջուր էր
խաղաղ կապույտ
երեւի նավի մեջ էի չգիտեմ
ոչ մի տեղ չէի գնում
ոչ մի տեղից չէի գալիս
ուղղակի ջուր էր չորս կողմը
արեւ էր ու թեթեւ քամի
հանկարծ բարձր ձայն լսվեց
անծանոթ լեզվով
բառերը չէի հասկանում
բայց խնդրանք կար ձայնի մեջ
ու ոնց որ անունս էր տալիս
հետո միանգամից լռեց
ամեն կողմ ջուր էր
խաղաղ կապույտ
մարդ չկար
արեւ էր ու թեթեւ քամի
ՄԱՐԻՆԵՆ ՍԿՍԵԼ Ա ԳՐԵԼ ՄԻՍՏԻԿ ՏԵՔՍՏԵՐ
արդեն ուշա մութն ընկավ
չի երեւում հիմա ոչինչ
ոչ ճանապարհը ոչ տները մի քիչ էն կողմ
չեն երեւում որովհետեւ լույս չկա
բայց առաջ գնալու համար
լույս պետք չի որովհետեւ մեկն ա ճանապարհը
թե՞ մեկը չի
բայց լույսն ինչո՞ւ չկա
գոնե կենտ մի լույս
տարօրինակ ա
հիմա արդեն լույս ա բայց ճանապարհը չկա
ոչ էլ տները կան
ոչ էլ ես կամ
բայց եթե ես չկամ էս ո՞վ ա զարմանում
որ ոչինչ չկա
բացարձակապես ոչինչ
ես էլ չկամ
բայց եթե ես չկամ
էս ո՞վ ա զարմանում
ՓՈՔՐԻԿ ՆԱՊԱՍՏԱԿ
կարմիր կազմով հաստ գիրք էր
ընկած էր փողոցում
բացեցի
տեսա էջերը դատարկ են
բերեցի տուն
դրեցի գրապահարանիս
ամենավերեւի դարակի աջ անկյունում
երբ որ տխուր եմ լինում
իջացնում եմ կարմիր կազմով գիրքը
թերթում եմ ու
տրամադրությունս բարձրանում ա
ոչ մի բառ չկա գրքի վրա
որ հասկանաս ով ա սարքողը
երբ ա սարքել
ինչու
մենակ կարմիր կազմի վրա կապույտ թանաքով
մեկը փոքրիկ նապաստակ ա նկարել
ապաքաղաքական կոսմոպոլիտ կենդանի
անհիշելի ժամանակներից
բոլոր վեց մայրցամաքներում բնակվող
© Մարինե Պետրոսյան

