ԸՆԴՄԻՇՏ ՎԵՐՋ ԴՆԵԼ «ՔԵԼԲԱՋԱՐ-ԼԱՉԻՆ» ԳԱՐՇԱԲԱՆՈՒԹՅԱՆԸ

Wednesday, February 2nd, 2011
Խանդութ Ավետյան
Արցախյան ազատագրական պայքարը նորագույն հայոց պատմության շրջադարձային առանցքն էր, որը հեղաշրջել է մեր պարտությունների, նահանջի և պետականազուրկ ազգ լինելու ընթացքը` բազում դարերից հետո մեզ վերստին պարգևելով հաղթանակի բերկրանքը և անկախ պետականություն կերտելու ազգաշեն շնորհը: Բոլոր ակնառու ձեռքբերումներով հանդերձ` մեր հասարակությունը դեռևս չի հաղթահարել պատմության գիրկն անցած պետականազուրկ շրջանի բազում խեղճություններ, որոնք աննկատ շարունակում են արատավորել մեր գիտակցությունը, կենցաղն ու գործելաոճը: Այդ խեղճությունները երբեմն ոչ միայն նշմարվում են, այլև հանդգնում են լինել հրապարակային և տիրապետող: Հիշատակված խեղճությունները նաև բազմազան են և ի հայտ են գալիս մեր պետական, հանրային և մասնավոր կյանքի ամենատարբեր ոլորտներում և հարթություններում: Սեփական պետության և հայության ընդհանրական շահի և իղձերի նկատմամբ արհամարհանքը, քաղաքացիական պարտավորությունների չգիտակցումը, հասարակավնաս անառողջ «օջախակենտրոնությունը» և բազում այլ արատներ մեծապես խոչընդոտում են լիարժեք հասարակության մեջ կազմավորվելու և պետականատեր հանրություն դառնալու հրամայական ընթացքին:

Այս անգամ ես կկամենայի անդրադարձ կատարել մի խնդրի, որը շատերի համար ոչ միայն չի ընկալվում որպես ռազմավարական, այլև առհասարակ որպես խնդիր չի գիտակցվում: Խոսքս հայոց պատմական տեղանունների վերականգնման և առօրյայի մեջ հասարակության բոլոր անդամների կողմից անշեղ կիրառման մասին է: Տեղանվանական քաղաքականության կարևորությունը շատ վաղուց գիտակցել են այն ազգերն ու կայսրությունները, որոնք նպատակ ունեին զավթելու և ցեղասպանաբար տիրելու այլ ժողովուրդներին պատկանող տարածքին: Խնդիրը շատ հստակ էր դրված. անհրաժեշտ էր ոչ միայն քաղաքականապես գաղութացնել այլոց երկրները, այլև ջնջել իր իսկ հայրենիքում իրավազուրկ ստրուկի կամ ճորտի կարգավիճակում հայտնված ազգերի սեփականատիրոջ զգացումն իրենց իսկ հայրենիքի նկատմամբ: Դրա համար հարկավոր էր ստեղծել այնպիսի իրավիճակ, երբ իրավազրկության գիտակցումը տարածվեր ոչ միայն քաղաքական և մարդկային իրավունքների, այլև հայրենի հողում ապրելու և այդ հողի պատմական և ժառանգական տերը լինելու գիտակցության վրա: Եվ այս հարցում կայսրությունները շատ հետևողական էին և անողոքաբար կարծր` գրավված ազգերին հոգեբանորեն հայրենազուրկ և աստանդական կենցաղով գոյատևող անդեմ զանգվածի վերածելու նպատակի մեջ: Զավթիչները հետևողականորեն այլասերում էին երկրի ոգին` պարտադրելով վարչական խորթ բաժանումներ և քաղաքների, գյուղերի, գետերի, լեռների և գավառների օտարահունչ անվանումներ: Իր իսկ հողում հայը պիտի ապրեր թուրքական համապարփակ տիրապետության ներքո, երբ անգամ իր ծննդավայրն ու իր գավառը պիտի կրեր զավթչի պարտադրած խորթ անունը: Այսպիսով, դարեր շարունակ բնաջնջվում էր հայոց հողի հայապատկանության գիտակցումն անգամ ամենապարզ բնույթի կենցաղային հարցերում: Համատարած լեզվի մեջ ներթափանցած օտարամուտ բառերի կողքին իրենց կայուն և պատվազրկող տեղ են գտել նաև թուրքադիր տեղանունները:

Հայոց բնիկ տեղաննունների փոփոխությունը հիմնականում ընթանում էր երեք եղանակով: Երբեմն դա հայկական անվան թուրքական արտասանությանը հարմարեցված հնչյունային աղավաղումն էր: Օրինակները շատ են` Կումայրի - Գյումրի, Քարվաճառ – Քելբաջար, Ծար - Զառ, Երզնկա - Էրզիջան, Գանձակ - Գյանջա, Քարհատ - Դաշքեսան, Գետաբակ – Կեդաբեկ և այլն: Հաճախ թուրքերը թարգմանում էին հայկական անվանումների իմաստը, զոր օրինակ` Գետաշեն – Չայլու, Խնձորեկ - Ալմալու, Վերինշեն – Յուխարը Աղջաքենդ, Ջերմաջուր – Իստիսու, Ցրտնոտ – Սոյուղբուլաղ: Երբեմն էլ հայկական անվան փոխարեն հորջոջվում և պարտադրվում էր թուրքական նոր անհեթեթ անվանում. օրինակ` Նորաբակ - Ազիզլու, Բերդակ - Դևլենջե, Վարարակն – Խանքենդի, Ոսկանապատ - Զուռնաբադ, Փիբ - Զագլիկ և այլն:

Այսօր, բարեբախտաբար, մեր Հայաստանը կանգնել է վերականգնման ուղու վրա: Խորհրդային Հայաստանի «ռեզերվացիոն» տարածքին ավելացել է ազատագրված Արցախը, որի կազմում ընդգրկվել են այնպիսի տարածքներ, որոնք հայաթափ էին երկուսից հինգ հարյուրամյակ և որտեղ հայկական անունները մատնված էին իսպառ մոռացության: Ազատագրումից հետո սկսվել է այս տարածքների վերաբնակեցման և վերահայացման գործընթացը: Հայոց ներկայության հետ միասին այդ տարածքներում հիմնադրվել է հայկական վարչական կառավարումը. ստեղծվեցին համայնքներ: Բնականաբար, համայնքների ձևավորման առաջին իսկ պահից ծագել է բնակավայրերը բնիկ հայկական անուններով անվանակոչելու խնդիրը, որին հաճախ պատշաճ լրջություն չի ընծայվել: Որոշ դեպքերում, երբ պատմական անունը հայտնի էր բնակավայրին տրվել է նոր անվանում, երբեմն էլ այլ վայրում եղած աղավաղ թուրքացված բերվել է վերաբնակեցման գոտի: Այս պահին, չկամենալով ծանրանալ այս անընդունելի երևույթի վրա, Քարվաճառի տարածքից մատնանշեմ ընդամենը մեկ օրինակ. արցախյան Կողթի (խորհրդային ժամանակվա Շահումյանի շրջանի) բնակիչներն իրենց գյուղերից մեկը կոչում էին Խրխափոր: Ինքնին պարզ է, որ այս անվան «փոր» տեղանվանակերտ մասնիկը «ձոր» համանման մասնիկի հոմանիշն է: Պատմական Հայաստանի տարբեր վայրերում ունենք բազմաթիվ տեղանուններ, որոնք կազմված են հենց այդ մասնիկով. Գուգարքում` Ձորոփոր, Քվիշափոր, Բողնոփոր և այլն, Տայքում` Բերդացփոր, Պարտիզացփոր, Արսիացփոր և այլն, Վասպուրականում` Լմբափոր, Արցախում` Խրխափոր և այդպես շարունակ: Թուրքերն այդ անվանումը խեղաթյուրել են` հորջորջելով «Խարխափուտ»: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները միտումնավորապես ԼՂԻՄ-ի տարածքում և այլուր պարտադրել են քարտեզագրական աղավաղումների մի ամբողջ շարք. օրինակ` Կուսապատ – Կասապետ, Արփագետիկ - Արփագյադուկ, Վանք – Վանքլու: Մեծամասամբ այսպիսի աղավաղումներն անկախ Արցախում վերացված են. հույս տածենք, որ շուտով այս գործընթացը լիապես հասնի պատմական արդարության հաղթանակին` հնամենի հայոց անվանումների համընդհանուր և գրագետ վերականգնմանը:

Սակայն այս ամենի մեջ ամենավրդովեցուցիչ, անհանդուրժելի և առանց չափազանցության խայտառակ երևույթը թուրքական աղավաղ անվանումների համառորեն շարունակվող գործածումն է: Այսօր էլ ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլև որոշ պաշտոնյաներ խոսակցականի մեջ շարունակում են հոլովել «Քյալբաջար», «Բաղլուփա», «Նադիրխանլու», «Սեյդլար», «Ղամշլու», «Լաչին», «Զանգելան» զազրանունները` արհամարհելով բնիկ Քարվաճառը, Գետաշենը, Եղեգնուտը, Բերձորն ու Կովսականը: Հասկանալի է, որ դա տեղի է ունենում սոսկ ընդհանրական ավանդույթի ուժով. մարդիկ պարզապես չեն անդրադառնում և չեն գիտակցում հարցի կարևորությունը, որն իրականում շատ մեծ է: Մեր երկրի մեծագույն մասը զավթած, մեր սրբավայրերն ու գերեզմանատները պղծած, մեր հայրենակիցների արյունը դարերով հեղած թուրքական ցեղի անուններին կառչելը ոչ միայն ինքնին պատվազրկող և մեր նախնիների հիշատակը ոտնահարող երևույթ է, այլև հեռահար ռազմավարական կարգի սպառնաշատ իրողություն: Գիշեր ցերեկ իր իսկ քաղաքը «Քյալբաջար» կամ «Լաչին» հորջորջելով` մարդիկ ենթագիտակցաբար շարունակում են ընկալել այս վայրերը, որպես օտարապատկան, խորթ և անհարազատ տարածք: Հայ մարդը իր մտքում, օրինակ, կարող է պատկերացնել «Քյալբաջարի», «Ջաբրայիլի» կամ «Աղդամի» հանձնումը, բայց երբեք չի հանդուրժի Քարվաճառ, Բերձոր, Տիգրանակերտ, Մեխակավան քաղաքների կորստյան միտքն անգամ: Նույնը վերաբերում է նաև հուղարկավորվող հարազատների շիրիմներին: Սովորական հայ գյուղացին կարող է երկմտել իր ննջեցյալի մարմինը «Ղամշլու» կամ «Վելիբեյլի» գերեզմանոցում ամփոփել, բայց չի տարակուսի իր հանգուցյալի աճյունը հայրենի Քարվաճառում կամ քաշաթաղյան Վերինշենում հողին հանձնելու հարցում: Կրկնեմ, որ ես նկատի ունեմ երևույթի խորքային` հոգեբանական և ենթագիտակցական ընկալումը, որն, ինչպես հայտնի է, ունի մեծագույն ազդեցություն յուրաքանչյուրիս կենսաձևի և պատկերացումների վրա: Ուստի խնդիրն ունի ոչ միայն բարոյական, այլև քաղաքակն նշանակություն և այն չգիտակցելն ու անտեսելը անթույլատրելի է մեր պետության ազգային անվտանգության տեսանկյունից ևս:

Եզրափակելով այս խորհրդածությունների շարքը` կամենում եմ սրտաբուխ և վճռաշատ հաստատակամությամբ խնդրել իմ հայրենակիցներին վերջ դնել թուրքական զազրանուններն օգտագործելու անպատեհ, ամոթալի և ըստ էության` խայտառակ սովորությանը: Խնդրում եմ նաև վարչական պատասխանատուներին ուշադիր լինել հանրային նշանակություն ունեցող իրենց պաշտոնական և առօրյա խոսքում թուրքական անուններ չգործածելու պարտավորությանը և բարի և դաստիարակիչ օրինակը լինել այլոց առջև: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ «Քյալբաջար-Ղամշլու» ասելով մենք վիրավորում և սրբապղծում ենք հազարամյակներ շարունակ այս հողում ապրած և Քարվաճառ, Ծար, Վայկունիք և Գետաշեն բնիկ և հարազատ անունները կերտած մեր նախնիների հիշատակը: Ցեղասպանության արհավիրքից ոտքի կանգնած և Արցախում թուրքին ջախջախած հայը նողկալիորեն արհամարհում է իր զոհված հայրենակիցների` ծնողների և եղբայրների արժանապատվությունը` իրենց արյամբ ազատագրված Քարվաճառն ու Բերձորը խայտառակաբար «Քյալբաջար» կամ «Լաչին» գարշաբանելով: Ժամանակն է երկաթե նախանձախնդրությամբ ընդմիշտ վերջ դնել այդ խայտառակությանը: